Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական շարժումը հայտարարում է, որ ՀՀ-ում գործում են գրանցված և չգրանցված աղանդներ, որոնց գործունեության ուսումնասիրության և որոշների գործունեությունը դադարեցնելու մեխանիզմը պետք է մշակած լիներ համապատասխան մարմինները, որոնցից է ՀՀ կառավարության համապատասխան բաժինը:
Հաշվի առնելով այն, որ վերջին օրերին կրոնական կառույցների` աղանդների, կողմից ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերվում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների դեմ, ՄԵԼ-ը հորդորում է ՀՀ-ում գտնվող կրոնական կազմակերպությունների` աղանդների, հետևորդներին լինել ավելի զուսպ և խելամտորեն մոտենալ խնդրին:
Կրոնական կազմակերպությունները, նաև դրանց պաշտպանությամբ զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունները, որոշ աղանդավորական լրատվամիջոցներ ուղղորդված են վարկաբեկելու Միացյալ Երիտասարդական Լիգայի գործունեությունը: ՀՀ-ում գործում է մոտ 250 կրոնական կազմակերպություն, որոնց մեծամասնությունը ծավալում է աղանդավորական գործունեություն:
ՄԵԼ-ը կոչ է անում ՀՀ բոլոր պատկան մարմիններին անհապաղ վերանայել ՀՀ-ում կրոնի մասին օրենքը, ինչպես նաև անցկացնել բոլոր կրոնական կազմակերպություններում ֆինանսական աուդիտ, ուսումնասիրելով կրոնական կազմակերպությունների ֆինանսական հոսքերը:
ՄԵԼ-ը արդեն սկսելու է հրապարակել նաև այն պաշտոնյաների անունները, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստում են աղանդավորական կառույցների գործունեությանը:
Տեղեկացնենք նաև այն մասին, որ բազմաթիվ աղանդավորական կազմակերպություններ ֆինանսավորվում են Հայաստանի թշնամի երկրներից, օրինակ, ՄԵԼ-ին հասած տեղեկություններով Մեծ շնորք ավետարանական մկրտչական եկեղեցի անվանումը ունեցող աղանդի ղեկավարները` Պողոսյան եղբայրները, ժամանակ առ ժամանակ գաղտն հանդիպումներ են ունենում Թուրքիայում, որտեղ ըստ ՄԵԼ-ի աղբյուրների քննարկվում են կրոնական կառույցի ֆինանսավորման խնդիրները: Հավելենք, որ այդ աղանդը նաև կազմակերպում է ամառային ճամբարներ դպրոցականների համար, որը կարող է ունենալ կործանիչ ազդեցություն երկրի համար:
ՄԵԼ-ին հասած տեղեկություններով, որոնք ներկա պահին ճշտվում են, <<Ցորենի հատիկ>> բարեգործական հիմնադրամը ֆինանսավորում է բազմաթիվ աղանդավորական կառույցների, այդ թվում նաև վերջերս ՄԵԼ-ի կողմից բացահայտված Քրիստոնեական միջազգային ընտանիք աղանդին:
ՄԵԼ-ին հասած տեղեկություններով Կյանքի խոսք կրոնական կազմակերպության` աղանդի, համահիմնադիր է հանդիսանում ՀՀ-ում ճանաչված մեկ այլ անձ, ով Արթուր Սիմոնյանի հետ հիմնելով այդ աղանդը, լուրջ դրամաշորթությամբ են զբաղվել, որոնք դեռևս 90-ական թվականներին Հայաստան էին եկել որպես օգնություն Երկրաշարժից տուժածներին: Ներկա պահին ՄԵԼ-ը նպատակահարմար չի համարում հայտնել այդ պաշտոնյայի անունը, քանզի նա հանդիսանում է մեծ հնարավորությունների տեր անձնավորություն, ով կարող է լուրջ վտանգ սպառնալ ՄԵԼ-ի երիտասարդներին:
ՀՀ-ում գործող աղանդավորական կառույցների անդամներից կան նաև ՀՀ ոստիկանության ոլորտում բազմաթիվ աշխատողներ, որոնք չարաշահում են իրենց լիազորությունները և այդ աղանդի մեջ ընդգրկում բազմաթիվ մարդկանց:
Աղանդավորական կազմակերպությունները ունեն իրենց ներկայացուցիչները նաև շոու բիզնեսում, օրինակ Վիտամին ակումբում կան մի քանի անձնավորություններ, ովքեր հանդիսանում են Կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչներ: Ինչպես նաև կան երգիչներ և երգչուհիներ, որոնց մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի եղել, հետևում են բողոքական եկեղեցիների աղանդավորական կազմակերպություններին:
ՀՀ-ում կան աղանդավորական կազմակերպություններ, որոնք իրենց մարդիկ են ներդրել նաև Հայ Առաքելական Եկեղեցու մեջ որպես քահանաներ, որոնց անունները հայտնի են ՄԵԼ-ին, սակայն դա չենք հրապարակելու, այլ ՄԵԼ-ը կտեղեկացնի այդ մասին համապատասխան մարմիններին:
Վերջերս ՄԵԼ-ին դիմել էր Երևան քաղաքի կենտրոն համայնքի բնակիչ, ով իր խոսքերով վաճառել է սեփական բնակարանը, որը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում, և ամբողջ գումարը նվիրաբերել Կյանքի խոսք աղանդին, որպեսզի կարողանա բուժվել: Սակայն այդ անձը մինչև հիմա տառապում է չարորակ քաղծկեղով: Այդ անձնավորությունը նշել էր, որ այդ գումարը ուզել է վերոնշյալ աղանդի ղեկավարները, որպեսզի ուղղարկվի ասիական ինչ որ երկրում իրենց քույր եկեղեցու հետևորդների կարիքները հոգալու համար:
Այս ժամանակահատվածում ՄԵԼ-ը ձեռք է բերել նաև բազմաթիվ ապացույցներ տարբեր կրոնական կառույցների ապօրինի գործունեությունների վերաբերյալ, որոնք շուտով կհրապարակենք :
Հ.Գ.
ԱՂԱՆԴ, համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, բուդդայականություն, մահմեդականություն և այլն) ընդդիմադիր հոսանք, ուսմունք, դավանանք կամ վարդապետություն, որ խոտորվում է հիմնական կամ պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան: Քրիստոնեության ներսում Աղանդ է անվանվում մարդկանց (հավատացյալների) խումբը, որն անջատվել է հասարակայնորեն ընդունված հիմնական կրոնական ուսմունքից կամ համայնքից, համեմատաբար փոքրաթիվ է և ինքն իր մեջ պարփակված: Աղանդի հետևորդներն ապրում և քարոզում են իրենց «ուսուցչի» գաղափարներն ու բարոյական նորմերը: Աղանդավորների համոզմունքները հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ առավելությունների, հեղինակության,նրա աստվածացման վրա, ինչը հանգեցնում է քրիստոնեական ուղղափառ վարդապետության ժխտման, Աստվածաշնչի աղավաղման կամ աղավաղված մեկնաբանման: Ուստի մեծամասնության կողմից Աղանդը համարվում է կեղծ, վնասակար և վտանգավոր: Աղանդ, հերետիկոսություն, հերձված հասկացությունների սահմանները այնքան էլ հստակ չեն: Հերետիկոսությունը տարբեր է հերձվածից, որը նույնպես նշանակում է մեկուսացում հավատացյալների եկեղեցական համայնքի կազմից: Հնում հերձված ասելով նկատի են ունեցել եկեղեցու դավանանքի այս կամ այն մեկնաբանությունը չընդունող կամ այլ կերպ մեկնաբանող քրիստոնեական ուղղությունները, մինչդեռ Աղանդ ասելով հասկացել են ոչ քրիստոնեական կրոնները: Աղանդի և հերետիկոսության տարբերությունն այն է, որ վերջինս նշանակում է ոչ այնքան մարդկանց ամբողջություն, որ հետևում է որոշակի ուսմունքի, որքան՝ հենց ուսմունքի բուն բովանդակությունը: Եվրոպայում Աղանդները (հատկապես Վերածննդից հետո) ժամանակի ընթացքում հասել են ճանաչման և կրոնական պայքարի ընթացքում՝ նայած իշխանությունների հետ ունեցած նրանց հարաբերություններին, երբեմն կոչվել են Աղանդներ, երբեմն էլ՝ եկեղեցիներ, դավանանքներ կամ կրոններ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հիմնական հերետիկոսության վարդապետությունների ներկայացուցիչները մի որոշակի շրջանում՝ I–VII դդ.,հանդես են եկել ոչ թե որպես եկեղեցու ուսմունքի և հեղինակության ժխտողներ, այլ իբրև այդ ուսմունքի այս կամ այն կետը մեկնաբանելու և բանաձևելու փորձ կատարողներ՝ չբացառելով դեռևս կայուն, դոգմատիկ բանաձևը: Հերետիկոսության այս շարժումների նախաձեռնողներն իրենց չեն համարել եկեղեցական ավանդության ընդդիմադիրներ, այլ հակառակը, հանդես են եկել որպես ավանդության արտահայտիչներ ու շարունակողներ: Եկեղեցական դատին ներկայացնելով իրենց դավանանքը՝ նրանք կամ ենթարկվել են նրա որոշումներին, կամ էլ, չհամաձայնելով, կտրել հաղորդակցությունը պաշտոնական եկեղեցու հետ և սկսել իրենց հատուկ կրոնական կյանքը: Առանձնանալով՝ նրանք իրենց դավանությունը վեր են դասել եկեղեցու ընդունած դոգմաներից: Աղանդ եզրույթը, որ նախնական շրջանում դիտվել է ընդամենը որպես հերետիկոսություն բառի հոմանիշ, այս շրջանում ձեռք է բերելառավել նվազ ծայրահեղական նրբիմաստ, քան հերետիկոսությունը: Հին և նորագույն ժամանակաշրջանի առանձին մտածողների և աղանդավորների կարծիքով՝ կրոնական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին և Նոր կտակարաններում. նրա հատիկները ցանված են ամենուրեք՝ լավագույն հեթանոսական կրոններում, առանձին փիլիսոփաների և բանաստեղծների ստեղծագործություններումևն: Դրանք սինկրետիկ (չտարբերակված) Աղանդներն են, օր.՝ գնոստիցիզմը: Աղանդները հնուց ի վեր բաժանվում են երկու խմբի՝ ռացիոնալիստական և միստիկական: Առաջինները Հայտնության և մարդկային գիտակցության միջև միակ միջոցն են դիտում բանականությունը և նույնիսկ որպես Հայտնություն չեն ճանաչում այն ամենը, ինչ վեր է բանականությունից կամ դեմ է նրան: Երկրորդները հավատում են, որ Հայտնությունը մարդուն կարող է հաղորդվել բանականորեն անճառելի և գաղտնի ուղիներով՝ տեսիլքով, մարգարեությամբ ևն: Ստացված հայտնությունները նրանք հաճախ վեր են դասում անգամ գրվածքներից («Գիրը սպանում է, հոգին՝ ապրեցնում» սկզբունքից ելնելով): Աղանդները, որպես առանձին՝ կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր կեցվածք ունեն ոչ միայն իշխող եկեղեցու, այլև, հաճախ, պետական ու սոցիալական տվյալ կարգի նկատմամբ, ինչպես հնագույն քրիստոնյաները, որոնք դեմ էին Հուդայում և առհասարակ Հռոմեական կայսրությունում գործող օրենքներին: Քրիստոնյա տերություններն օրինաստեղծության մեջ և սոցիալական կառույցներում մասամբ կենսագործել են քրիստոնեական դավանական գաղափարները՝ հաճախ ստեղծելով հարմարավետ փոխհամաձայնություն իրենց քաղաքական նպատակների և քրիստոնեության միջև. բարոյական պարտավորությունները յուրովի ըմբռնող Աղանդները դա համարում են կեղծ քրիստոնեական, ինչպես քրիստոնեական նախնական համայնքները, որոնք ընդդիմադիր էին ոչ քրիստոնեական տերությունների վարքագծին: Չափավորական Աղանդները սահմանափակվում են նրանով, որ խուսափում են հասարակական այնպիսի պարտավորություններից, որոնք չեն համընկնում իրենց սոցիալ-բարոյական գաղափարների հետ: Առավել եռանդուններն ուղղակիորեն ձգտում են սոցիալական բարեփոխումներ կատարել ըստ այդ գաղափարների: Հնագույն եկեղեցու Աղանդներից նշելի են 1. Աղանդներ, որոնք հետ են մնացել քրիստոնեության մեջ կատարված կրոնական էվոլյուցիայից. այդպիսիք են Հովհաննես Մկրտչի հետևորդները. սրանց թվին են հաճախ դասվում նաև գնոստիկյան-հովհաննեսականները և այլ՝ մի քանի հնագույն կրոնական ուղղություններ: 2. Հուդայական քրիստոնեական Աղանդները՝ նախնական շրջանում. նազարեթյաններ (I–VI դդ.), էբիոնիտներ, էբիոնիտ-գնոստիկյաններ (II դ. վերջից): 3. Գնոստիկյան Աղանդները ընդհանուր անվամբ հայտնի հեթանոսական մեծաթիվ Աղանդները (I–IIIդդ.): Սրանցից քրիստոնեական ընդհանուր դավանանքին համեմատաբար մերձ են մարկիոնականները (I–VII դդ.), համեմատաբար հեռու՝ մանիքեականները (տես Մանիքեություն), որոնցից հետագայում սերել են մի շարք քրիստոնեական Աղանդներ, օր., պավլիկյանները: 4. Այսպես կոչված՝ նախաձեռնող Աղանդները, որոնցից նշանավոր են մոնտանականները (II–III դդ., գոյատևել են մինչև VIII դ.): 5. Հնագույն եկեղեցուց ծագած Աղանդներ (III–IV դդ.), որոնք բավարարված չէին Ընդհանրական եկեղեցու սահմանած նվազագույն բարոյական պահանջներով և նրա ապաշխարության կարգուկանոնով (մի շարք գնոստիկյան Աղանդներ, ինչպես նաև մոնտանականներ, մելետոսյաններ, նովատանյաններ): 6. Դոգմատիկ բնույթի Աղանդներ (IV–VII դդ.). արիոսականություն ապողինարիզմ, մակեդոնյաններ (հոգեմարտներ), նեստորականություն, եվտիքականություն, հուլիանոսականներ, սևերիոսյաններ ևն: 7. Ճգնավորության ծաղկման շրջանում (II–V դդ.) առաջ եկած մի քանի խորհրդապաշտական Աղանդներ, որոնք ընդհանուր քրիստոնեական գաղափարներից թեքվել էին դեպի ճգնակեցության (մեսալյաններ, եվքիտներ ևն):XI–XV դդ. բյուզանդական եկեղեցում նոր Աղանդներ գրեթե չեն ծագել: Միջնադարյան արևմտյան եկեղեցու, պապական իշխանության հզորացման շրջանում նույնպես համեմատաբար սակավաթիվ Աղանդներ են առաջացել՝ փոքրաթիվ հետևորդներով: Ռեֆորմացիայի շրջանում (XVI դ.) Աղանդներն սկսել են շատանալ. Դրանցից հիշատակելի են միստիկական և պանթեիստական Աղանդները (XVI դ.), անաբապտիստները (կրկնամկրտականներ, XVI դ.), Աղանդներ, որոնք ռացիոնալիստներ էին աստվածաբանության և փիլիսոփայության մեջ (XVII–XVIII դդ.), անգլիական բապտիստները, բապտիստ-շաբաթականները, կվակերները ևն: XVIII–XIX դդ. առաջացել են նոր Աղանդներ.մեթոդիստները՝ Անգլիայում, մի շարք Աղանդներ՝ բողոքական պիետիզմից, լեհական դեիստները՝ կաթոլիկությունից, հոգեգալստականները (հիսունականներ) ևն: XIX դ. Աղանդների դասական երկիր է դարձել Հյուսիսային Ամերիկան. մեթոդիզմից բաժանված՝ Փրկության բանակը, Ավետարանի հիման վրա կոմունիզմ քարոզողները, դարբիստները, ադվենտիստները ևն: XIX–XX դդ. Առաջացած և ներկայումս տարածված կեղծքրիստոնեական ու տոտալիտար (ամբողջատիրական) Աղանդներից են մորմոնները (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), Եհովայի վկաները, մունիները (Միավորման եկեղեցի), սայենտոլոգները (Գիտության եկեղեցի) ևն: Ռուսաստանում տարածված Աղանդներից հիշատակելի են դուխոբորները, որոնք սկիզբ են առել 1740-ական թթ.՝ Հարավային Ուկրաինայից, մոլոկանները (1800-ական թթ-ից), տոլստոյականությունը (XIX դ. վերջ) ևն: Աղանդները տարածված են եղել նաև միջնադարյան Հայաստանում. հիշատակելի են բորբորիտները, մծղնեությունը, պավլիկյանները, թոնդրակեցիները: Ներկայումս Հայաստանում գործում են մորմոնները, Եհովայի վկաները, Նոր առաքելոց եկեղեցին ևն:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, էջ 32-34:
Միացյալ Երիտասարդական Լիգա համանախագահ Դանիել Պետրոսյան
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий