«Առաջին անգամը չէ, որ կրոնական կառույցներն ակտիվ մասնակցում են քաղաքական կյանքին: Խնդիրն այն է, որ իրենց առաջնորդի պարտադրանքով դրանց անդամները ընտրում են որեւէ կուսակցության: Ակտիվ են եղել նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ, երբ նոր հայտնված կուսակցությունը միանգամից հավաքեց 60.000 ձայն: Դա ենթադրում է, որ կրոնական կառույցները կարողանում են քաղաքական կյանքը սարքել իրենց ձեռքի խաղալիքը»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Բանախոսը նշեց, որ վերջերս Ֆեյսբուքյան էջերից մեկում հայտնվել էր տեղեկատվություն, որ Կյանքի Խոսքը եւ Ավետարանչական եկեղեցին համագործակցում են «Ժառանգության» հետ: Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի, այդ կառույցները սատարելու են Զարուհի Փոստանջյանին:
Ա. Ամարյանի խոսքով` առաջադրված 8 կուսակցությունից 5-ը բանակցում են աղանդավորական կառույցների հետ` բացի «Միավորված հայերից», Կոմունիստական կուսակցությունից. «ՀՀԿ-ն, հավանաբար, վստահ է, որ կհաղթի, դրա համար չի բանակցել»: Ըստ Ա. Ամարյանի հայտնած տվյալների` Հայաստանում գրանցված է մոտ 350.000 ոչ հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, որոնցից շուրջ 230.000-ը կրոնական կառույցների անդամներ են. «Դա կազմում է ընտրողների տասը տոկոսը, ինչը բավարար է խորհրդարան մտնելու համար»:
Բանախոսը նաեւ հայտնեց, որ անցյալ տարվա վերջին հանդիպել են X կուսակցության ղեկավարը, X բուհի ռեկտորը, որը միաժամանակ երկու կուսակցության անդամ է եւ Խարիզմատիկ եկեղեցու X ղեկավարներից: Հանդիպման ընթացքում խոսք է գնացել ընտրություններից. «Առաջնորդը հավանություն է տվել, որ իր հետեւորդները մասնակցեն քվեարկությանը, իսկ նրանց թիվը հասնում է 25000-ի»,-ասաց պարոն Ամարյանը` հավաստելով, որ կրոնական կառույցները որոշել են դուրս գալ ազգի եւ եկեղեցու դեմ` թիրախային նպատակ համարելով փողն ու իշխանությունը:
Բացի արտասահմանյան ֆինանսավորումից, կրոնական կառույցները գումարներ են ստանում դոնորներից, տվյալ դեպքում` քաղաքական ուժերից, եւ ցանցային մարքեթինգից. «Օրինակ` «Օրիֆլեյմ», «Ֆաբերլիկ», «Վիժն»: Այդ ընկերությունների ապրանքների հետ Հայաստան է մտնում աղանդավորական գրականություն: Բացի այդ` ֆինանսավորում են իրենց անդամներին անձական բիզնեսներից»:
Ըստ բանախոսի, աղանդավորական կառույցների հետ համագործակցում են նաեւ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետը, ռոմանոգերմանական ֆակուլտետից՝ Սվետլաննա Գալստյանը. «Անուններ տալով խնդիրը չենք լուծում, քանի որ մարդիկ միայն գնում են անունի ու սենսացիայի հետեւից: Օրինակ` ԶԼՄ-ում հայտնվել էր տեղեկություն, թե Արթուր Բաղդասարյանը Կյանքի Խոսքի եկեղեցի է գնում, բայց հավաստիացնում եմ, որ դա այդպես չի»,-ասաց Ա. Ամարյանը` հավելելով, որ կուսակցությունների անունները կհրապարակի ընտրություններից հետո:
Ստեղծված իրավիճակից ելքը փորձագետը տեսնում է պետության ղեկավարի կամքի եւ ժողովրդի համախմբվածության մեջ. «Մեր մեռած օրենքով կարող ես միայն գրանցել կրոնական կառույցները, բայց չկան դրանց նկատմամբ կիրառվող վերահսկողություն եւ պատժամիջոցներ»:
Ա. Ամարյանի համոզմամբ` ցանկալի կլիներ ԱԺ-ում տեսնել Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, քանզի վերջիններս կձգտեն մաքուր պահել հոգեւոր դաշտը. «Եկեղեցին վերջին երկու տարիներին ակտիվ դիմադրում է կրոնական կառույցներին, քարոզում, այցելում գյուղեր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий