Հայաստան է ներթափանցել նոր աղանդ, որը քարոզում է ազատ սեքս` դրա տարբեր այլանդակ դրսևորումներով` միասեռականություն, արյունապղծություն և այլն: Առկա տեղեկությունների համաձայն` նշված աղանդն իր գործունեությունը ծավալում է Երևանում և Արտաշատում, անդամների քանակով դեռ մեծաթիվ չեն: Հիմնականում այս առնչությամբ էր «Նոյյան տապան» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսը:
«Բավականին ժամանակ է արդեն, այսինքն` անկախությունից կամ նույնիսկ երկրաշարժից հետո, ինչ տարաբնույթ աղանդավորական շարժումներ հայտնվեցին Հայաստանում, և օգտվելով հայ ժողովրդի ծանր տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավիճակից, փորձեցին «փրկչի» կերպարի մեջ մտնելով, մեր ժողովրդին պառակտել,- ասաց մամուլի ակումբի հյուրերից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:- Եթե այսօր նկատի ունենանք, որ 215-ից ավելի աղանդավորական շարժումներ իրենց տարաբնույթ կառույցներով գործում են Հայաստանում, սա ինքնին խոսում է այն մասին, որ հայ ժողովրդին բաժանել են 215 տարաբնույթ մասնիկների մեջ: Ամենավերջինը, որ ներմուծվել է Հայաստան, կոչվում է «Քրիստոնեական միջազգային ընտանիք», որի հիմնադիրը եղել է ամերիկացի Դեյվիդ Բերգը: Այդ աղանդը փորձում է տեղ գտնել Հայաստանում, նրա քարոզչության հիմնական ուղղությունը քրիստոնեության անվան տակ միասեռականությունն է, արյունապղծությունը, այսինքն, երբ քարոզվում են այդ սրբապղծությունները` մոր հարաբերությունը տղայի հետ, հոր հարաբերությունն աղջկա հետ, և քրոջ հարաբերությունը եղբոր հետ, նաև քարոզվում է մանկապղծություն (պեդոֆիլիա), բացի դրանցից, ինչ-որ տեղ խրախուսվում է նաև ինքնասպանությունը»:
Հոգևորականը մի հռետորական հարց տվեց` երբ որևէ աղանդ մտնում է Հայաստան, հօգուտ ո՞ւմ է գործում, ապա հավելեց, որ երբ ծանոթանում ենք նման երևույթներին, պարզ է դառնում, որ հանուն մեր ազգային շահի և պետական շահի չեն գործում, որովհետև, որպես օրենք, որևէ աղանդավորական շարժման մեջ ազգայինի գաղափար չկա, կա իբրև թե փրկության գաղափար, բայց, չգիտես ինչու, այդ «փրկությունը» միշտ ժողովրդի պառակտման միջոցով է:
«Հետևաբար,- շարունակեց հայր Կոմիտասը,- եթե հայ ենք, եթե ոչ միայն «յան» ազգանունը կրողներ ենք, այլ իրապես, գիտակցությամբ, արյամբ և ոգով հայ ենք, պետք է լինենք մտահոգ այն բոլոր անբարոյական երևույթների նկատմամբ, որոնք պառակտում, քայքայում են մեր հավաքական կերպարը: Մարկոս Աուրեսի մի խոսքը կա` եթե ուզում ես երկիրը կործանել, նրա երիտասարդության մեջ անբարոյականություն սերմանիր: Ես տեսնում եմ, որ այսօր իբրև թե կրոնական արժեքների քարոզման անվան տակ պառակտվում է հայկական հավաքականությունը` հիմքը դնելու համար Հայաստան պետական կառույցի քայքայմանը և վերացմանը, որը մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինի մտահոգության նյութ»:
Մամուլի ակումբի հյուրը նշելով, որ ամեն անգամ դրսից են գալիս այդ կեղծ հովիվները, հավելեց, որ նրանք մեզ փորձում են ոչ թե բանական արարածների, այլ խոտակեր ոչխարների տեղ դնել` տանելու համար այնտեղ, ուր իրենք են ուզում: Սա անթույլատրելի է, և մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինի խնդիր, որովհետև մարդը կորցնելով իր բարոյականությունը, կորցնում է ամեն ինչը: Նախ, ընտանիքի գաղափարն է վերացվում, իսկ եթե չկա ընտանիք, նշանակում է` գոյություն չունեն նաև ազգություն և պետականություն:
Մամուլի ակումբի մյուս հյուրը` Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը, տեղեկացրեց, որ Հայաստան նոր թափանցած այդ աղանդն ունի մի քանի անուն, մեր երկիր է մտել «Քրիստոնեական միջազգային ընտանիք» անվամբ, բայց հայտնի է նաև «Աստծո երեխաներ», «Ընտանիք» և մի շարք այլ անուններով:
«Օրինակ, Ուկրաինայում եղել է դեպք հենց հայի կողմից, երբ ինքնասպանություն է գործել մեր հայը, նախևառաջ, սպանելով իր կնոջը և քրոջը, այդ աղանդի անդամ լինելով հանդերձ»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:
Վերջինս նշված աղանդի անդամների հետ պատահաբար ծանոթացել է Երևանում, Հանրապետության հրապարակի մոտ, Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարանում, երբ լսելով նրանց խոսակցությունը, մոտեցել և զրուցել է «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կոչվածի անդամների հետ: Այդ զրույցի ընթացքում էլ նրանք հայտարարել են, որ Աստված գլխավոր կավատն է:
0 Մեկնաբանություն :
Отправить комментарий